Հայկական ատոմակայանի տնօրինությանը աշխատավարձը բարձրացնելու պահանջով դիմած 161 աշխատակիցներից շուրջ 150-ի` աշխատանքից ազատման դիմումներն արդեն ստորագրվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը, ով նույնպես ազատման դիմում է ներկայացրել: Նրա խոսքով, մնում է մոտ 10 հոգու դիմում, որոնք դեռ չեն մակագրվել: Իսկ էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շարունակվում են քննարկումները եւ առայժմ չկա որոշում. «Միգուցե ինչ-որ մարդիկ դիմումներ տվել են, միգուցե հետ կվերցնեն, միգուցե նրանց փոխարեն ուրիշները կտան, այս պահին չեմ կարող ասել մինչեւ ամբողջ գործընթացը չավարտվի եւ իմի չբերվեն արդյունքները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի շուրջ 160 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել:
Ըստ լուրերի` դիմում գրած աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:




























