Կառավարության այսօրվա` հոկտեմբերի 21-ի նիստում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել եւ հաստատվել է Հայաստանի եւ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջեւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011 թ. հունիսի 8-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաջորդիվ հավանություն է տրվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից ըստ հաստատված համայնքների 2011 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքները 2012 թ. տեղափոխելու առաջարկությանը:  Այդ համատեքստում արծարծվել է շինարարական աշխատանքներին համայնքների մասնակցության հարցը:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել 2011 թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը IFAD-ի վերահսկող առաքելության այցելության արդյունքում կազմված հուշագրերի, ինչպես նաեւ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության գործարար ծրագրի մշակման նպատակով իրականացված խորհրդատվության ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Նիստում որոշվել է հաստատել վերոնշյալ առաքելության շրջանակում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից հաստատվող մրցույթների ֆինանսական շեմի բարձրացման առաջարկը, ինչպես նաեւ ԾԻԳ-ի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը:

Ի թիվս այլ հարցերի, խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են նաեւ «PHP Partners» ՓԲԸ կողմից ստացված` «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի գործողության` 2010 թ. եւ 2008-2009 թթ. ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման համակարգի վերականգնման աշխատանքների կատարման եւ «KPMG Armenia» ՓԲԸ կողմից ստացված` 2010 թ. դեկտեմբերի 31-ին աուդիտի ավարտի նպատակով անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման առաջարկությունները` մտքերի փոխանակության ընթացքում արված դիտողություններով եւ նկատառումներով հանդերձ: