Լոռիի մարզի համայնքներում աշնանացանի ժամանակ նախատեսված է ցանել 8644 հեկտար հացահատիկային մշակաբույսեր` անցած տարվա 8301 հեկտարի փոխարեն: Ցուցանիշի աճը կապված է ցանքատարածությունների ընդարձակման հետ, այս տարի դրանք աճել են շուրջ 343 հեկտարով:
Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անցած տարի մեր երկրում 2010-2014 թվականների համար կազմվել է ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիր, ըստ որի, 2010-ին Լոռիի մարզի 13 ֆերմերների հատկացվել է 73,55 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որը ցանվել է շուրջ 245 հա-ի վրա: Այս տարի, սակայն նախատեսված ցորենի էլիտար սերմացուն տրամադրվելու է 13-ի փոխարեն, մարզի 15 ֆերմերներին, սակայն ավելի փոքր թվով`63,1 տոննա:
Մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, սակայն, համոզված է, որ աշնանացան մշակաբույսերի ցանքը կգերազանցի 2010 թվականի ցուցանիշները, թեեւ ցանքն ամբողջությամբ դեռ ավարտին հասցված չէ, բացի այդ, ընթացքի մեջ են նաեւ ստացված սերմացուների գումարների հավաքագրման աշխատանքները, քանի որ սերմ ստացած ընդհանուր առմամբ 44 համայնքներից գումարները հետ են վերադարձրել 31 համայնք:
Թվում է, թե գյուղապետերը եւս հույս ունեն գերազանցել մշակովի բույսերի ցանքի անցած տարվա ցուցանիշները, միայն թե եղանակային բարենպաստ պայմաններ լինեն, որպեսզի բերքի գինը չբարձրանա, եւ իրացման խնդիրներ չծագեն: Այս մտավախությունը պատահական չէ, քանի որ կարտոֆիլի ցանքատարածությունների թիվը թեպետ այս տարի կրճատվեց ու պակաս ցանվեց շուրջ 289 հեկտար, սակայն բերքի ցուցանիշները գերազանցեցին սպասելիքները:




























