Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիոլա վոն Քրամոնն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություններին եւ  իր՝ Հայաստան կատարած վերջին այցին։

Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում եւ, կարծես թե, մարսեց դա։ ԵՄ-ի արձագանքն ու գործողությունները հարձակման եւ բռնի տեղահանման օրերին խորը մտահոգություններից այն կողմ չանցան։ Որքանով եք դուք ԵՄ-ի մեղքի բաժինը տեսնում այս ամենում՝ հաշվի առնելով, որ ֆինանսական աջակցությունը չի կարող մեղմել տեղի ունեցած ողբերգությունը։ 

Միանշանակ, ես կարծում եմ, որ այս հարցն ունի երեք շերտ: Նախ, մեղավորը մեկն է, եւ դա Ալիևն է։ Երկրորդ՝ հայերին մեկ դավաճանող կա, դա Ռուսաստանն է․ այսպես կոչված խաղաղապահ ուժերը վերջին երեք տարիներին գոյություն չունեին։ Եվ երրորդ՝ ԵՄ-ի համար շատ դժվար է, քանի որ այն, ինչ մենք կցանկանայինք տեսնել, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետ միասին աշխատելն է։   Կարծում եմ, որ ամբողջ մտադրությունը, թե ինչու ԵՄ-ն հենց այս պահին չի դիմել կոշտ պատժամիջոցների ընդդեմ Ալիևի և նրա ռեժիմի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն արժանի է դրան, հետեւյալն է՝ մենք չենք ցանկանում, որ միջնորդությունը, միջնորդական աշխատանքները ստանձնեն Ռուսաստանը կամ Թուրքիան։ Շատ վախենում ենք, որ եթե հիմա չափազանց կոշտ և կողմնակալ լինենք, չափազանց շատ լծակներ կամ չափազանց շատ պատճառներ կտանք, որ Ալիեւը չցանկանա բրյուսելյան ձևաչափը: Սա արդեն տեսել ենք Գրանադայում, տեսել ենք այլ պահերի։ Եվ ես կարծում եմ, որ ԵՄ-ն ցույց տվեց, որ համերաշխությունը լիովին Հայաստանի հետ է, որ մենք վճարելու ենք, ֆինանսական ներդրում ենք ունենալու, տնտեսական պլանի վրա ենք աշխատելու, առաջարկներ ենք անելու Հայաստանին ԵՄ-ին մոտեցնելու համար։ Բայց այն, ինչ ես հասկանում եմ, և ես կցանկանայի, որ մենք տեսնեինք ավելի կոշտ դիրքորոշում և պատժամիջոցների ավելի կոշտ ձևակերպումն է՝ թույլ չտալու համար, որպեսզի Ալիեւն ավելի առաջ գնա, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կարող է նա ունենալ իր մտքում: Բայց պատճառը հասկանալի է. եթե մենք մեզ ամբողջությամբ դուրս թողնենք, ապա խաղաղությունը, որը հուսանք շուտով կհաստատվի,  կլինի Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, և դա մեզ ձեռնտու չէ։

Ինչպես ասացիք, մենք չգիտենք, թե ինչ է Ալիեւը մտածում կամ ուզում, բայց մի բան, որ շատ հստակ գիտենք, դա նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ունի՞ միջոցներ Հայաստանի, հայերի անվտանգության մասին հոգալու համար։ Եթե նույնիսկ, ինչպես ասում եք, ռուսական ուժերը ձախողվել են, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ի՞նչ կարող է անել ԵՄ-ն։

Եթե Ալիեւն իմանա, որ հաջորդ ռազմական հարձակման դեպքում, լինի դա անկլավների, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով, ինքը կկանգնի անհապաղ պատժամիջոցների առաջ, կսառեցվեն իր հաշիվները Լոնդոնում, Կիպրոսում և Ժնևում, ուր նրա ընտանիքը մուտք չի ունենա, իր ողջ անշարժ գույքը, որը նա գողացել է տարիների ընթացքում, կալանքի տակ կլինի, կարծում եմ, որ սա փոփոխություն կբերի, բայց, քանի որ սեղանին ոչինչ չկա, ինչպես Դուք ասացիք, զսպող գործոն չկա: Փաստացի ԵՄ-ն այլ բան մշակե՞լ է, չգիտեմ։ Այսինքն՝ ինձ համար մի կողմից խոսքը հարուստ երկրի մասին է, քանի որ նրանք ապրում են գազի և նավթի արտահանման եկամուտներով, բայց մյուս կողմից Ալիեւը նաև ցանկանում է լինել լեգիտիմ առաջնորդ՝ ընդունված Արևմուտքի կողմից։ Եվ մենք, հուսով եմ, կարող ենք փակ դռների հետևում հստակ ասել՝ եթե դուք համարձակվում եք մտածել Հայաստանի վրա հարձակվելու մասին, դա պետք է նշանակի այլևս Եվրոպա գազ չմատակարարել: Սա կնշանակի այլեւս ոչ մի պաշտոնական շփում, եւ այսպես շարունակ։ Վստահ չեմ, բայց հույս ունեմ, որ հարկ եղած դեպքում սա տեղի կունենա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։