Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալների զոհվելու մասին Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում։

ՑԱԽԱԼ-ի տեղեկության համաձայն՝ «իսրայելական ինքնաթիռը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող շենքին, որտեղ գտնվում էր ավելի քան 20 զինյալ»։

Գիշերը կործանիչը հարված է հասցրել Ալ-Ազհար համալսարանի շրջանին, որտեղ ՑԱԽԱԼ-ը նույնականացրել է «զինված ահաբեկիչների եւ հակատանկային հրթիռների արձակման դիրք»։

Վերջին մի քանի օրերին ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ավելի քան 600 «ահաբեկչական օբյեկտների», ներառյալ զինապահեստները, հակատանկային հրթիռների արձակման տասնյակ դիրքերը, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի օգտագործած թաքտոցները եւ հենակետերը։

Իսրայելական զորքերը Գազայում խորացել են ավելի քան 3 կիլոմետր, տեղեկացրել է CNN-ը։

Հանգստյան օրերին Իսրայելը հայտարարել է, որ մտել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի «երկրորդ փուլ»։ Երկիրը պատրաստ է «երկար եւ դժվար պատերազմի», շաբաթ օրն ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։