Առնվազն 195 մարդ է զոհվել Ջաբալիայի փախստականների ճամբարին Իսրայելի ավիացիայի հասցրած հարվածներից։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, նշվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման տարածած հայտարարությունում։

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հասցված հարվածները կատարվել են երեքշաբթի եւ չորեքշաբթի։

Պաղեստինյան անկլավի կառավարության կայքում շարժման հրապարակած հայտարարությունում նշվել է, որ մոտ 120 մարդ գտնվում է փլատակների տակ, 777 մարդ վիրավորվել է։

Հոկտեմբերի 31-ին ՀԱՄԱՍ-ին ենթակա Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին։ Զոհվել է մոտ 50 մարդ։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ զոհերի եւ վիրավորների թիբվ գերազանցել է 400-ը, որոնց կեսը երեխաներ են։

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։ Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտնել է, որ գրոհի նպատակը ստորգետնյա համալիրն էր, որտեղ թաքնվում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ստորաբաժանումներից մեկի հրամանատար Իբրահիմ Բիարին։ Կոնրիկուսը նշել է, որ գրոհի հետեւանքով զոհված Բիարին կարեւոր դեր է խաղացել  ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը պլանավորելիս։