Նոյեմբերի 2-ին, ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 24 հասցեում գործող ակումբներից մեկի դիմաց ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Քանի որ հստակ չէր` թե տարածքը Երևանի վարչական գոտում է, թե Կոտայքի մարզի, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Տեղում նրանց աչքից չի վրիպել հանգամանքը, որ ճանապարհին հայտնաբերված արնանման հետքերը վկայությունն է այն բանի, որ հենց այդ վայրում է միջադեպը տեղի ունեցել:
Պարեկները, հետո նրանց միացած այդ ակումբի անվտանգության աշխատակիցները 3 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, պարեկները օգտագործել են իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող դեղատուփից բժշկական պարագաները, ապա շտապօգնության ավտոմեքենաներով 2-ին տեղափոխել հիվանդանոց, մեկին էլ պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Այդ ընթացքում պարեկները նկատելմ են, որ մի քանի հոգի դիմում են փախուստի: Նրանց հաջողվել է բռնել 2-ին, իսկ դեպքի վայրում էլ Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են ատրճանակ, որը կռվի մասնակիցներից մեկը շպրտել էր խոտերի մեջ, մտածելով, որ չեն նկատի:
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ նոյեմբերի 1-ին՝ կեսգիշերին մոտ «Moon» ակումբի անվտանգության աշխատակիցների ու մի քանի հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործի են դրվել սուր կտրող ծակող առարկաներ, ինչի պատճառով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև Hummer, Audi Q7, Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում են կռվի մասնակիցներին:




























