Արդեն իսկ արձանագրել ենք առաջընթաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ամրագրման հարցում եւ շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ դիտորդների իմունիտետների եւ արտոնությունների մասին է:
«Աշխատանքներ են տարվում մի շարք եվրոպական ծրագրերում ակտիվացնել մեր ներգրավվածությունը, արդարադատության, կրթության, նորարարության, կլիմայական փոփոխությունների, կանաց դերի բարձրացման, երիտասարդության ներգրավման եւ համանման այլ ուղղություններով: Դա եւս փաստում է, որ Եմ-ն շարունակում է մնալ Հայաստանի բարեփոխումների կոնտեքստում ՀՀ հիմնական գործընկերը»,-ասաց փոխնախարարը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգ ԵՄ-ի հետ, Պարույր Հովհաննիյանը պատասխանեց, որ Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, այս առումով դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից:
Նա հիշեցրեց Եվրոպական խորհրդարանում վարչապետի ելույթը, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ըստ Հովհաննիսյանի՝ դա միշտ էլ եղել է Հայաստանի դիրքորոշումը:
«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Ավելին՝ այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկ: Հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերին Բրյուսելում, առաջինը Երևանում հունվար ամսին էր»,-ասաց Հովհաննիսյանը:





























