Բրիտանական հետախուզության կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի  պատերազմում երկու կողմերի հարձակողական գործողությունները հաջողություն չեն բերում։ Այս մասին իր ամենօրյա զեկույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ուկրաինական հարձակումը երկրի հարավում «համեմատաբար կայուն է», գրում է Bild-ը։ Միևնույն ժամանակ, ռուսական լայնածավալ հարձակումը Ավդեևկա քաղաքի մոտ կանգ է առել ուկրաինական ուժեղ պաշտպանության առաջ:

«Սրա  գլխավոր գործոնը օդում մարտավարական   գերազանցության վերացումն է. երկու կողմերն էլ դեռևս ունեն զգալի հակաօդային պաշտպանություն, որը թույլ չի տալիս կործանիչներին արդյունավետ օդային աջակցություն ցուցաբերել  հարձակումներին», - գրում են փորձագետները: Ըստ գերատեսչության ներկայացուցիչների, աշխարհագրական պայմանները նույնպես կարևոր դեր են խաղում. հաշվի առնելով 1200 կմ երկարությամբ առաջնագիծը, կողմերից ոչ մեկը գործնականում ճեղքման ռեսուրս չունի: