Այո, նման տեղեկություններ կան ոչ միայն «վագներականների», այլև ռուսական այլ ՄՌԿ-ների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղեկություն ունի, որ «վագներականները» կարող էին պատրաստել ՀԱՄԱՍ-ի զինյալներին Իսրայել ներխուժելուց առաջ։
Ըստ նրա, «վագներականներն» օգտագործվել են որպես կապուղիներ, որպես տեղեկատվության փոխանցման ուղիներ, ռուս-ուկրաինական պատերազմի փորձը փոխանցելու նպատակով վարժանքների համար, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։
«Եվ այն, թե ինչպես են, մասնավորապես, օգտագործվում անօդաչու թռչող սարքերն իսրայելական զրահատեխնիկայի դեմ, դրա վառ հաստատումն է։ Մենք հստակ տեսել ենք, որ Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումները որպես Ուկրաինայի դեմ պատերազմի բաղկացուցիչ։ Իսկ Ռուսաստանի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնական շփումներն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Սա տեղի է ունենում հրապարակայնորեն:
Հաստատված տեղեկություն կա Ռուսաստանի կողմից ռազմավար զենքի, առաջին հերթին՝ հրաձգային զենքի, որոշ նմուշներ ՀԱՄԱՍ-ի զինյալներին փոխանցելու մասին, որպեսզի հետագայում Ուկրաինային մեղադրեն արևմտյան զենքի, իբր, վաճառքի և մատակարարման մեջ»,- նշել է Յուսովը։




























