ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես հանել է դատավարության մասնակիցների դեմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտվելու սահմանափակումները, տեղեկացրել է Associated Press-ը (AP)։

«Կոլումբիա օկրուգի վերաքննիչ դատարանի որոշումը դադարեցնում է տեղեկության չտարածման գործողությունը, որպեսզի դատավորներին ժամանակ տա դիտարկել Թրամփի խնդրանքը սահմանափակումների ավելի երկարատեւ հանման մասին, մինչ դիտարկվում է նրա բողոքարկումը»,- հայտարարել են դատարանում։

Դատարանում ընդգծել են, որ սա դեռ վերջնական որոշումը չէ, դատարանը դեռ պետք է ըստ էության որոշում կայացնի։ Նախկին նախագահի փաստաբանը լրագրողներին իրավիճակը չի մեկնաբանել։

Դատական արգելքը  Թրամփին զրկում էր դատարանի աշխատակիցների, դատախազների եւ գործով վկաների դեմ արտահայտվելու հնարավորությունից։ Նրան, սակայն, թույլատրվում էր հայտարարել իր անմեղության եւ դատավարության քաղաքական կողմնակալության մասին։

2023թ. ամռանը Թրամփին ներկայացվեցին միանգամից մի քանի քրեական գործերով մեղադրանքներ, այդ թվում՝ 2021թ. հունվարին Կապիտոլիումի գրոհի փորձի, 2020թ. ընտրություններին միջամտելու եւ փաստաթղթերի անօրինական պահման մեղադրանքներ։ Քաղաքական գործիչն ինքը իր մեղքը բոլոր դեպքերում չի ընդունում՝ հետաքննությունն անվանելով քաղաքական հետապնդում գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։