Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի վստահությունը Եվրամիության հանդեպ սասանվել է նրա «տարօրինակ եւ անհետեւողական գոծողությունների» հետ կապված։ Նրա խոսքերը մեջբերել է Hürriyet թերթը։

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ «Եվրամիությունը շատ տարօրինակ եւ անհետեւողական դեր է խաղացել»։

«Ուշադրություն դարձրեք, թե ով է այժմ Իսրայելի կողմից եւ ով է գտնվում դիվանագիտական գործընթացներից դուրս ռուս-ուկրաինական պատերազմում։ Եվրամիությունը։ Ցավոք, մեր վստահությունը Եվրամիության հանդեպ սասանվել է»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաեւ ասել է, որ այլեւս չի կարող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «իր զրուցակիցը» համարել։ Նա ավելացրել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը դեռ կապ պահպանում է Իսրայելի իշխանությունների հետ։

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի «Բարօրության նոր կուսակցության» ղեկավար Ֆաթիհ Էրբաքանը կառավարությանը կոչ էր արել վտարել Անկարայում Իսրայելի դեսպանին։ Միեւնույն ժամանակ, նա նշել էր Թուրքիայի դեսպանին հրեական պետությունից անհապաղ հետ կանչելու անհրաժեշտության մասին, բայց առայժմ երկրի իշխանությունները համապատասխան որոշումներ չեն կայացրել։