Ամերիկյան իշխանություններն անհանգստանում են, որ մի քանի տասնյակ հազար միավոր զենքի տրամադրումն Իսրայելին կհանգեցնի այն բանին, որ այն կհայտնվի Հորդանանի Արեւմտյան ափին ապրողների ձեռքում, ինչն էլ կհանգեցնի բռնության աճի այդտեղ։ Այս մասին տեղեկացրել է The New York TImes թերթը՝ հղում կատարելով ամերիկայն վարչակազմի աղբյուրներին։
Իսրայելի իշխանությունները պատվիրել են մոտ 24 հազար ամերիկյան ավտոմատ եւ կիսաավտոմատ հրացաններ, որի առաքմանը պետք է հավանություն տան պետդեպարտամենտը եւ ԱՄՆ Կոնգրեսը։ Զենքը հիմնականում պետք է ստանա Իսրայելի ոստիկանությունը, բայց չի բացառվում, որ դրա մի մասը կտրամադրվի քաղաքացիական անձանց։
Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է պատվերի մասին, բայց պետդեպարտամենտում կարծիքները հայտի վերաբերյալ տարբերվել են։ Ամերիկացի որոշ օրենսդիրներ երաշխիքներ են պահանջում ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմից, որ Իսրայելի պատվիրած զենքը չի հայտնվի ոչ այն ձեռքերում։
The New York Times-ը նշել է, որ Հորդանան գետի Արեւմտյան ափին հակամարտության թեժացումից հետո զոհվել է ավելի քան 150 պաղեստինցի, նրանց մի մասը դարձել է քաղաքացիական անձանց հետ բախումների զոհ։ Պետդեպարտամենտում հավաստիացրել են, որ զենքը կուղղվի Իսրայելի «Ազգային անվտանգության նախարարությանը ենթակա ստորաբաժանումներին», բայց հոկտեմբերին այդ գերատեսչության ղեկավար Իտամար Բեն-Գվիրը խոստացել էր զենք տրամադրել Հորդանան գետի Արեւմտյան ափի նորաբնակներին։
Իսրայելի իշխանությունները, նշել է թերթը, կարծում են, որ զենքի հանձնումը քաղաքացիական անձանց անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի հոկտեմբերի 7-ի կրկնությունը։ Քաղաքացիական անձանցից, ըստ նախարարության, ամեն մի քաղաքում կկազմավորվեն «անվտանգության ջոկատներ», որոնք կսովորեն տեղի ոստիկաններից եւ կգտնվեն նրանց հսկողության տակ։ Սակայն զենքը Իսրայելի իշխանություններին հանձնելու հակառակորդները մտավախություն ունեն, նշել է թերթը, որ ինքնապաշտպանության ջոկատները զենքը կկիրառեն պաղեստինցիների դեմ։





























