ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է «հավաքական ձախողման» մասին պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման հարցում։

«Մերձավոր Արեւելքում ծավալվող ողբերգությունը հավաքական քաղաքական եւ բարոյական ձախողման հետեւանքն է, որի համար վճարում են իսրայելցիները եւ պաղեստինցիները։ Այդ գինը կշարունակի բարձրանալ»,- ասել է նա Բրյուսելում ընթացող եվրոպական դեսպանների համաժողովում։

Բորելի կարծիքով՝ այդ ձախողմանը հանգեցրել է կամքի անբավարարությունը մերձավորարեւելյան ճգնաժամի լուծման հարցում։

Այժմ միջազգային հանրությունը մերձավորարեւելյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման վերջին շանսն ունի, ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Սա վերջին հնարավորությունն է, եթե մենք հաջողության չհասնենք երկու պետության համակեցության հիման վրա հաստատվելիք կարգավորման հարցում, ապա մենք երկար ժամանակով կհայտնվենք բռնության եւ փոխադարձ ատելության պարույրում»,- ասել է Բորելը։