Իսրայելը կկարողանա կրկնակի ավելացնել «Երկաթե գմբեթի» զինանոցը 14,3 մլրդ դոլարի օգնության շնորհիվ, որն ավելի վաղ արժանացել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը, բայց այն օրենք կարող է դառնալ միայն Սենատի հավանությունից եւ նախագահ Բայդենի ստորագրությունից հետո, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ֆինանսական օգնությունը ներառում է 100 արձակման սարքավորումների ստեղծում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է առկա համակարգերը, ինչպես նաեւ 14 հազար Tamir հրթիռների պատրաստում, նշել է գործակալությունը։ Ներկա պահին Իսրայելն ունի 10 մարտկոց, երեք-չորս արձակման սարքերով, յուրաքանչյուրին՝ 20 Tamir հրթիռ։ ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Ուես Ռամբոյի խոսքով, որի կարծիքը մեջբերել է Bloomberg-ը, ԱՄՆ օգնությունն  Իսրայելին թույլ կտա գործադրել «Երկաթե գմբեթ»-ի եւս 25 մարտկոց։ Փորձագետը նշել է, որ միջոցների մի մասը ծախսվել է հին սարքավորումները փոխարինելու վրա։

Լրացուցիչ տեխնիկան, նշել է գործակալությունը, շահեկան է իսրայելական Rafael ընկերության («Երկաթե գմբեթի» մշակող) եւ ամերիկյան RTX կորպորացիայի (Raytheon եւ Pratt & Whitney ընկերությունների սեփականատեր) համար, որոնք կմատակարարեն բաղադրիչներ հրթիռների համար։ Bloomberg-ը հիշեցրել է, որ 2014թ. մարտին ԱՄՆ-ն եւ Իսրայելը ստորագրել են համաձայնագիր համատեղ արտադրության մասին, որը թույլ է տալիս պատրաստել այդ բաղադրիչները Միացյալ Նահանգներում։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ աջակցել են հանրապետականների առաջարկած օրինագծին՝ 14,3 մլրդ դոլարի օգնություն Իսրայելին հատկացնելու մասին, բայց Ուկրաինային աջակցությունն այստեղ չկար։ Ավելի վաղ Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգ) հայտարարել էր, որ Սենատը դիտարկման չի ընդունի հանրապետականների «խորապես սխալ» առաջարկը։ Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ներկա տեսքով համաձայնեցվի Կոնգրեսի երկու պալատներում։