Եվրահանձնաժողովը (ԵՀ) երեքշաբթի կհաստատի Կիեւի հետ պաշտոնական բանակցություններ սկսելու հանձնարարականը միությանն Ուկրաինայի անդամակցության մասին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, նշել է, որ ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչները կհանդիպեն «երեքշաբթի երեկոյան», որպեսզի «ավարտեն որոշման տեքստը՝ Ուկրաինայի անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես սկսելու հանձնարարությամբ»։ Ակնկալվում է «դրական ելք Կիեւի համար», «բայց մի շարք պայմաններով»։

Մասնավորապես, ակնկալվում է, որ ԵՀ-ն խորհուրդ կտա ԵՄ անդամ երկրներին սկսել պաշտոնական բանակցություններն Ուկրաինայի հետ «բարեփոխումների իրականացումից» եւ իրավական նորմերի ընդունումից հետո՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն օրենսդրության, ապաօլիգարխացման եւ լոբբինգի մասով։ Նշված հանձնարարության վերջնական ձեւակերպումը «դեռ պետք է սահմանվի», իսկ ԵՀ եզրակացությունը կհրապարակվի նոյեմբերի 8-ին։ ԵՀ գնահատականը պետք է ստանա ԵՄ երկրների ղեկավարների հավանությունը միության դեկտեմբերյան գագաթաժողովում։