ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում, տեղեկացրել է Kyodo գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին։

Հաղորդագրությունում նշվել է, որ, գործակալության զրուցակցի խոսքով, ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայում հանդիպման վերջնական նախապատրաստություն են կատարում, որը տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում։ Չինաստանը, ակայն, դեռ պաշտոնապես չի հաստատել Սի Ծինփինի մասնակցությունը գագաթաժողովին, ավելացրել է գործակալությունը։

Հոկտեմբերի վերջին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ Բայդենը անհամբերությամբ  սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը Սան Ֆրանցիսկոյում, ԱԽՏՀ գագաթաժողովում, եւ որ Վաշինգտոնում այն համաձայնեցված են համարում։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն չի փոխի քաղաքականությունը Չինաստանի հանդեպ՝ երկրների ղեկավարների նախատեսվող հանդիպման ֆոնին։