Հնդիկ զինվորականներն անցած շաբաթ Չինաստանի հետ սահմանի երկայնքով, հյուսիսարեւելյան նահանգներում անցկացրել են Poorvi Akash («Արեւելյան երկինք») զորավարժությունները, որոնք ներառել են բարձրտեխնոլոգիական զենքի (Ս-400 զենիթահրթիռային համալիրների) կիրառում, տեղեկացրել են երկրի ՊՆ ներկայացուցիչները India Today պարբերականին։

«Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են ՀՕՊ Ս-400 հրթիռներ, ինչպես նաեւ Սու-30, Rafale եւ Tejas կործանիչներ, Prachand թեթեւ մարտական ուղղաթիռներ»,- տեղեկացրել են նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ավելացնելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 4-ը։

Նշվել է, որ զորավարժությունների ընթացքում կատարվել է Հնդկաստանի բանակի եւ ՌՕՈւ գործողությունների համակարգում, իսկ «զորավարժություններն ուղղված են եղել ավիացիայի պաշտպանական եւ հարձակողական հնարավորությունների ցուցադրմանը՝ ի պատասխան ենթադրվող սպառնալիքների, դրանք իրականցվել են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը»։

«Զորավարժությունները ներառել են Հնդկաստանի բանակի Արեւելյան հրամանատարության հետ համատեղ գործողություններ Արեւելյան սեկտորի բարդ տեղանքում։ Ինչպես Հնդկաստանի ՌՕՈւ, այնպես էլ հնդկական բանակի հատուկ նշանակության ջոկատները մասնակցել են հատուկ առաքելություններին»,- նշել է պարբերականը։

Զորավարժությունները ներառել են գործողությունների, տեխնիկական սպասարկման եւ վարչական միջոցառումների լայն շրջանակ՝ Հնդկաստանի զորքերի օպերատիվ պատրաստվածության վիճակը գնահատելու համար։

Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ վաղեմի տարածքային վեճ կա Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգում մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի եւ Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքի պատկանելության հարցում։ Փաստացի վերահսկման գիծը  երկրների միջեւ անցնում է Լադակհ շրջանով։