Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հոկտեմբերի 22-ին, ելույթ է ունեցել Բուլղարիայի Շումեն քաղաքի «Կռունկ» երգչախումբն ու «Սիրվարդ Չիլինգիրյան» պարային խումբը: Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության եւ Շումենի «Երեւան» կրթամշակութային միության համատեղ ջանքերով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել հարյուրավոր ռումինահայեր Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանի եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի գլխավորությամբ:
Ներկա են եղել նաեւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Ավագ Վրդ. Հովակիմյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:
Շումենի 50 հոգուց բաղկացած հայկական երաժշտախբի համերգային ծրագրում, որը կազմել էին պարախմբի գեղարվեստական ղեկավար Կարապետ Կարապետյանը եւ խմբավար Էլիզաբեթ Մաջարյանը, ընդգրկված էին հայկական ժողովրդական երգեր ու պարեր, հայկական դասական երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաեւ բուղարական ու ռումինական խմբերգեր:
Համերգից հետո կայացած հավաքույթի ընթացքում համայնքային ղեկավարները եւ Հայաստանի դեսպանը ողջունել են այս նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել շփումները բուլղարահայ եւ ռումինահայ հարեւան համայնքների միջեւ նման մշակութային ծրագրերի փոխանակման միջոցով` նպատակ ունենալով երիտասարդությանն առավել ներգրավել հայկական կյանքում եւ խթանել կապերը Եվրոպայի հայ համայնքների, ինչպես նաեւ Հայաստանի միջեւ:




























