ԱՄՆ բանակը Կոնգրեսից 3,1 միլիարդ դոլար է խնդրել 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրությունն ընդլայնելու համար, որոնց պաշարները սպառվել են՝ Ուկրաինային և Իսրայելին մատակարարումների պատճառով: Այս մասին հայտարարել է բանակի ձեռքբերման, լոգիստիկայի և տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի օգնական Դուգլաս Բուշը։
«Ֆինանսավորումը կընդլայնի արտադրական գծերը, կամրապնդի ամերիկյան տնտեսությունը և կստեղծի նոր աշխատատեղեր», - ասել է նա, որը մեջբերում է Reuters-ը:
Բուշի խոսքով, այս գումարի մոտ կեսը նախատեսվում է ուղղել արտադրական հզորությունների ավելացմանը, իսկ մնացածն ուղղակիորեն կուղղվի զինամթերքի գնմանը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել կամ կառուցել արդյունաբերական օբյեկտներ մի շարք նահանգներում, ներառյալ Վիրջինիա, Կալիֆորնիա, Թենեսի և Տեխաս, 155 մմ տրամաչափի արկեր արտադրելու համար:
Ինչպես նշում է Reuters-ը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Կիևին են մատակարարել համապատասխան տրամաչափի ավելի քան 2 միլիոն արկ։ Բացի այդ, Վաշինգտոնը կազմակերպել է Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում։ Նման պայմաններում արեւմտյան երկրները սպառել են զինամթերքի պաշարները, որոնք կարող են օգտագործվել սեփական կարիքների համար։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը նախատեսում է 2025 թվականին 155 մմ տրամաչափի հրետանային արկերի ամսական արտադրությունը հասցնել 100 հազարի։
Բուշը նշել է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը ցանկանում է հովանավորել այլ զինատեսակների արտադրությունը, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տարեկան արտադրությունը 550-ից հասցնելով 650 միավորի։ Պաշտոնյան նշել է, որ պահանջվող միջոցները ֆինանսավորման փաթեթի մի մասն են, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի վաղ խնդրել էր Կոնգրեսից:





























