ԱՄՆ-ն կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինյան ժողովրդի շահերը և չի արտացոլում նրա ձգտումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի ժողովուրդը չէ, նրանք չեն ներկայացնում Պաղեստինի ժողովրդին և նրա ձգտումները»,- ասել է Բլինքենը։ Նրա գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ը «շահագործում է գաղափարախոսությունը», և, ուստի, «տևական խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն ավելի լավ և ուժեղ գաղափարախոսության ստեղծման միջոցով»:

«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների համար այս (նոր - խմբ.) գաղափարախոսությունը պետք է հանգեցնի Պաղեստին պետության ստեղծմանը, որպեսզի, ի վերջո, պաղեստինցիներն ու իսրայելցիներն իրավունք ունենան ապրելու իրենց պետություններում, որտեղ նրանք կունենան հավասար հնարավորություններ, անվտանգություն և սեփական արժանապատվության զգացում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ, Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա այն սցենարը, ըստ որի պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարի Գազայի հատվածը, քանի որ դա կբերի դրա կրկնությանը։ «Կարծում ենք, որ կան որոշակի հիմնարար սկզբունքներ և գաղափարներ, որոնք մենք պետք է հստակ հասկանանք: Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը կառավարի Գազայի հատվածը, քանի որ դա պարզապես կհանգեցնի հոկտեմբերի 7-ի կրկնությանը»,- ասել է Բլինքենը, որն այցով գտնվում է Ճապոնիայում: Ըստ պետքարտուղարի, ԱՄՆ-ն նմանապես թույլ չի տա Իսրայելի կողմից Գազայի հատվածը կրկին օկուպացնելու հնարավորությունը։ «Պաղեստինի ժողովրդը չպետք է դուրս բերվի Գազայի հատվածից։ Ի վերջո, պետք է ստեղծվի կառավարություն, որը կմիավորի Արևմտյան ափը (Հորդանան գետի) և Գազայի հատվածը, ինչպես նաև, ինչպես արդեն նշեցինք, Պաղեստին պետությունը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։