Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման բանակցությունները ընդհատվել են Գազայի հատվածում հակամարտության պատճառով, բայց, ինչպես սպասվում է, կվերսկսվեն դրա ավարտից հետո, ասել է ԱՄՆպետքարտուղարի Մերձավոր Արեւելքի գործերի գծով օգնական Բարբարա Լիֆը։
«Ներկա պահին դրանք դադարի վիճակում են ճգնաժամի պատճառով... Ես սպասում եմ, որ մենք կկարողանանք դրանք վերսկսել ճգնաժամի ավարտից հետո»,- ասել է նա Կոնգրեսի լսումներում։
Պաշտոնյայի խոսքով՝ բանակցություններն ընդհատվել են այն ժամանակ, երբ կողմերը պատրաստվում էին անցնել կարգավորման մասին պայմանավորվածությունների «պաղեստինյան բաղադրիչի» քննարկմանը։ Իսրայելի կողմից ճանաչման եւ իր հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Սաուդյան Արաբիան, ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, պահանջել էր զգալի զիջումներ կատարել պաղեստինցիներին։
Լիֆը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն տեսնում է, որ ավելացել է միջազգային հանրության հետաքրքրվածությունը բանակցությունների վերսկսման հանդեպ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման գործընթացի բազմամյա ընդհատումից հետո՝ 1967թ. սահմաններում պաղեստինյան պետության ստեղծմամբ։
Նրա ելույթը Կոնգրեսում ոչ երկար ժամանակով ընդհատել են պաղեստինամետ ակտիվիստները, որոնք պահանջում էին հրադադարի հաստատում Գազայի հատվածում։





























