Գերմանիայի իշխանություններն ընթացիկ տարում տասն անգամ ավելի շատ սպառազինությունների արտահանման թույլտվություն են տվել Իսրայելի համար։ Խոսքը 303 մլն եվրոյի մատակարարումների մասին է՝ 2022թ. 30 մլն-ի համեմատ, տեղեկացրել են Reuters-ը եւ DPA-ն։

Նշվել է, որ անհատական թույլտվությունների մեծ մասը (218-ից 185-ը, մոտ 85 տոկոս) Գերմանիայի իշխանությունները տվել են հոկտեմբերի 7-ից սկսած։ Գործակալությունների աղբյուրը նշել է, որ Իսրայել ռազմական տեխնիկայի արտահանման հայտերը երկրի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Գերմանիայի իշխանությունները դիտարկում են՝ դրանք համարելով գերակա։

Մահասփյուռ սպառազինությունը կազմել է մատակարարումների ընդհանուր ծավալի ընդամենը 6 տոկոսը (19 մլն եվրո), ռազմական արտահանման հսկայական մասը զրահատեխնիկան, պաշտպանական ապակիները կամ բեռնատարներն են։ Գերմանիան Իսրայել մատակարարում է նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերի համար կոմպլեկտավորողներ եւ կապի միջոցներ։

Այս շաբաթ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հերքել է Մերձավոր Արեւելքում հակամարտության ցանկացած լուծում «պաղեստինցիների թիկունքում»։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ են խելամիտ լուծումներ, թե ինչպես եւ ով կարող է կառավարել Գազայի հատվածը ապագայում, ինչպես նաեւ հարկավոր են գործնական քայլեր երկու պետությունների հիման վրա խնդրի լուծման համար։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է հոկտեմբերի 7-ին, Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո։ Գերի են վերցվել ավելի քան երկու հարյուր պատանդներ։