Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հրաժարվում է հետեւել Գազայի հհատվածի անվտանգությանը մինչեւ պաղեստինյան վարչակազմի իշխանության անցնելը ՀԱՄԱՍ շարժման պարտությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով եգիպտացի պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ Բըրնսը այդ պլանը քննարկել է Եգիպտոսի նախագահի եւ Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ Կահիրե կատարած այցելության ժամանակ։ Աս-Սիսին ԿՀՎ տնօրենին հայտնել է, որ իր երկիրը մտադիր չէ մասնակցել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, քանի որ այդ զինված խմբավորման կարիքն ունի Գազայի հատվածի հետ իր սահմանի պաշտպանության համար, ասել է պարբերականի անունը չնշած զրուցակիցը։
Ավելի վաղ աս-Սիսիի գրասենյակը տեղեկացրել էր, որ Բըրնսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հրադադարի հարցը՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ Գազայի բնակիչների հումանիտար օգնության համար։ Բըրնսն իր կողմից հաստատել է եգիպտական կողմի հետ համակարգումը շարունակելու ձգտումը՝ ներկա հակամարտության կարգավորման նպատակով։





























