Հայաստանի պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել NEWS.am-ի «Էլեկտրոնային հաշվետվություն. օգո՞ւտ, թե՞ գլխացավանք բիզնեսի համար» հոդվածի հետ կապված:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ը համընկել է եռամսյակային եւ ամսեկան կտրվածքով հարկային հաշվետվություններ հանձնող հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետի հետ, ինչի արդյունքում կտրուկ ավելացել է հաշվետվություններ հանձնողների քանակը: Հարկային Էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման համակարգն այդ օրն աշխատել է ոչ թե խափանումներով, այլ գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ միայն հոկտեմբերի 20-ին համակարգն ընդունել է մոտ 8500 հարկային հաշվետվություն, որոնցից վերջինը համակարգում գրանցվել է ժամը 23:59-ին: Ինչ վերաբերում է հաշվետվությունն ուշ ներկայացնելու դեպքում առաջացող պատասխանատվությանը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վարչական պատասխանատվություն կիրառելու յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է առանձին վարչական վարույթ: Եթե վերջինիս ընթացքում հիմնավորվի հարկ վճարողի մեղքի բացակայությունը եւ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհաջող փորձերը (ինչը ֆիքսվում է համակարգի կողմից), ապա հարկ վճարողը պատասխանատվության չի ենթարկվի:

Հաշվի առնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկող հարկ վճարողների թվի օրեցօր ավելացման միտումը` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն իր կողմից քայլեր է ձեռնարկում հզորացնելու համակարգի տեխնիկական բազան` առկա սարքավորումները նոր` առավել հզոր սարքավորումներով (սերվերներով) փոխարինելու միջոցով, ինչը կթեթեւացնի Էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման համակարգի ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ը կրկին դիմում է էլեկտրոնային եղանակով բոլոր հարկ վճարողներին,  հնարավորության դեպքում հաշվետվություններն ուղարկել` չսպասելով սահմանված վերջնաժամկետի ավարտին»: