Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ապահովման հետ կապված պարբերաբար պետք է ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել շենքերի հիմքերի ամրացման աշխատանքների ուղղությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարասկայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանձնարարվել է նաեւ շարունակել հետեւողական վերահսկողությունը շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարման մասով, որպեսզի ապահովվի հետիոտնի պատշաճ տեղաշարժը, շինհրապարակների հարակից տարածքներում բացառվի շինարարական աղբի կուտակումն ու բեռնատարների անհարկի կայանումը: Պարտավորությունները խախտողների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում երթեւեկության կանոնակարգման եւ հետիոտն անցումների կառուցման ծրագրի մասով զեկուցվել է, որ հաջորդ տարի նախատեսվում են նոր վերգետնյա անցումների կառուցում եւ մի շարք ստորգետնյա հետիոտն անցումների վերանորոգումներ: Կրթության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի միջոցով կատարված նվիրատվությունների չափը կազմում է մոտ 1 մլրդ  200 միլիոն դրամ: Հավաքագրված գումարով կրթօջախներում իրականացվում են վերանորգման աշխատանքներ, ձեռք է բերվում անհրաժեշտ գույք` դպրոցներն ու մանկապարտեզները ընդունված չափանիշներին համապատասխան նորոգելու եւ կահավորելու նպատակով: