Չինաստանը մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Թայվանի դեմ, փոխարենը Պեկինը կփորձի այլ միջոցներ կիրառել կղզու նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։ Նման գնահատական ​​է տվել ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը։

«Ես իսկապես կարծում եմ, որ [Չինաստանի նախագահ] Սի Ցզինպինը պարտադիր չէ, որ ցանկանում է բռնությամբ գրավել Թայվանը։ Նա կփորձի այլ մեթոդներ կիրառել»,- Տոկիոյում լրագրողներին ասել է ռազմական առաջնորդը։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։

Գեներալը հավելել է, որ Միացյալ Նահանգները կցանկանային ուժեղ զսպող միջոց լինել՝ կղզու դեմ չինական ցանկացած հնարավոր ռազմական գործողության համար: Դրա հետ մեկտեղ Բրաունը կոչ է արել վերահսկել «ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական մեթոդները, որոնք Սի [Ցզինպինը] կարող է օգտագործել Թայվանի վրա ճնշումը մեծացնելու համար։

Ամերիկյան Axios պորտալի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին Վաշինգտոն կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կապի ուղիները վերականգնելու՝ Չինաստանի պատրաստակամության մասին։ Նրանց աշխատանքը դադարեցվել էր Պեկինի կողմից 2022 թվականին՝ ի նշան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի դեմ բողոքի։ Ինչպես նշում է պորտալը, երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև շփումների վերսկսման մասին երկրների ղեկավարները կարող են պաշտոնապես հայտարարել նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպման ժամանակ։