ԱՄՆ-ն կստիպի Հնդկաստանին՝ Չինաստանին հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպելու համար ավելի ակտիվ ջանքեր գործադրել, ինչը վտանգում է մեծացնել Նյու Դելիի և Պեկինի միջև լարվածությունը, հաղորդում է Bloomberg-ը:

Ինչպես գործակալությանը հայտնել են հնդիկ պաշտոնյաները, Միացյալ Նահանգները հույս ունի ավելացնելու Նյու Դելիի դիվանագիտական ​​և ռազմական ներկայությունը Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Վաշինգտոնի բեռը որոշ չափով թեթեւացնելու համար: Խոսքը, մասնավորապես, Հնդկական օվկիանոսի հինգ անցակետերից դուրս, ինչպես նաև Հարավչինական և Արևելաչինական ծովերում հնդկական ռազմածովային ուժերի ներկայության հնարավոր ընդլայնման մասին է։

Bloomberg-ը կարծում է, որ ամերիկյան իշխանությունների նման խնդրանքը հղի է Հնդկաստանի և Չինաստանի միջև լարվածության աճով։ Գործակալության գնահատականներով՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ստանձնելու կարողությունը կասկածելի է մնում, քանի որ հանրապետության ռազմանավերն արդեն զբաղված են Հնդկական օվկիանոսում կանոնավոր պարեկումներով տարեկան մինչև 300 օր՝ Չինաստանի աճող ծովային գերիշխանության պայմաններում: Bloomberg-ը կարծում է, որ Հնդկաստանը կկարողանա զգալիորեն ընդլայնել իր վերահսկողության հնարավորությունները տարածաշրջանում՝ ԱՄՆ-ից 31 անօդաչու թռչող սարքեր գնելու միջոցով, որը ներկայումս քննարկման փուլում է։

Նյու Դելիի և Պեկինի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսին չին-հնդկական սահմանին գտնվող լեռնային Լադախ շրջանում բախումներ սկսվեցին, որոնք երկու կողմերից զոհերի հանգեցրին։ Հնդկաստանը նաև մասնակցում է 2007 թվականին ստեղծված Քառակողմ անվտանգության երկխոսությանը (Quad), որը ներառում է Ավստրալիան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները: Չինական կողմը նշել է, որ այս ասոցիացիայի գործունեությունը տարաձայնություններ է առաջացնում ՉԺՀ-ի հարաբերություններում՝ տարածաշրջանի այլ պետությունների հետ, քանի որ դրա անդամները տարածում են այսպես կոչված չինական սպառնալիքի առասպելը։