Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներ կապրեն բաց սահմաններով, կապված ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, բոլոր հարցերը կլուծեն դիվանագիտության և երկխոսության գործիքներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առանց տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման նման իրավիճակ ապահովելը շատ դժվար կլինի, և դա հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Սա մեր տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով կապելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ Ինչպես գիտեք, մենք ներկայումս չունենք գործող ճանապարհներ, գործող երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր կամ էլեկտրահաղորդման գծեր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, և առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։ Մանրամասները ներկայացված են մեր «Խաղաղության խաչմերուկ» գրքույկում, որը բաժանվել է ձեզ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այս նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար, հետեւաբար ինքը աջակցության հույս ունի նաեւ միջազգային հանրության կողմից։
«Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։ Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ»,- ընդգծեց Փաշինյանը:




























