ՀԱՄԱՍ-ին հաղթելուց հետո Իսրայելը չի ​​ձգտում նվաճել կամ կառավարել Գազայի հատվածը, սակայն անհրաժեշտության դեպքում «հուսալի ուժեր» պետք է մտնեն անկլավ՝ գրոհայինների սպառնալիքը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

«Մենք չենք ձգտում գրավել Գազան, մենք չենք ձգտում նվաճել Գազան, մենք չենք ձգտում կառավարել Գազան»,- ասել է Նաթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան. այս կռվի վերջում ՀԱՄԱՍ չի լինի, մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն բոլորի, հանուն քաղաքակրթության, հանուն  պաղեստինցիների և իսրայելցիների»։ Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացումը, ապաարմատականացումը և վերակառուցումը, և այս ամենին կարելի է հասնել»:

Նաթանյահուի խոսքն այն մասին, որ Իսրայելը անորոշ ժամանակով պատասխանատու է լինելու Գազայի անվտանգության համար, առաջացրել է Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի բացասական արձագանքը, հաղորդում է BBC-ն։

Վաշինգտոնը դեմ է հանդես եկել Գազայի հետպատերազմյան օկուպացմանը և հայտարարել, որ անկլավը պետք է կառավարեն պաղեստինցիները:

Նաթանյահուն ասել է, որ Գազայում պետք է կառավարություն ձևավորվի, սակայն Իսրայելը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը չկրկնվի։

«Ուստի, մենք պետք է ունենանք հուսալի ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում կմտնեն Գազա և կչեզոքացնեն մարդասպաններին։ Որովհետև հենց դա կկանխի ՀԱՄԱՍ-ի նման կառույցի վերածնունդը»,- հավելել է Իսրայելի վարչապետը։