Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում մնացած միակ լրագրող Մուսթաֆա Սարսուրը պատմել է ծանր իրավիճակի մասին, երբ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցնում մարդկանց, որոնք գտնվում են հիվանդանոցի տարածքում կամ նրա սահմաններից դուրս, իսկ մի ընտանիք ողբերգականորեն զոհվեց հիվանդանոցի տարածքից դուրս գալ փորձելիս, տեղեկացրել է Tasnim-ը։

«Ոչ ոք չի կարող դուրս գալ հիվանդանոցի տարածքից դաժան մարտերի պատճառով, իսկ բոլոր ճանապարհները լիովին կամ մասնակի քանդված են»,- ասել է Սարսուրը։

«Մենք սկսել ենք կյանքեր կորցնել։ Պացիենտները մահանում են ամեն րոպե, մահանում են նաեւ վիրավորները, անգամ ինկուբատորներում գտնվող նորածինները»,- պաշարված շենքից ասել է հիվանդանոցի տնօրեն Մուհամադ Աբու Սալմիան։

«Հիվանդանոցի տարածքը շղթայված է, շենքերը գնդակոծվում են։ Իսրայելական զորքերը դրսում են եւ թույլ չեն տալիս որեւէ մեկին տեղաշարժվել»,- ավելացրել է նա։ «Բժիշկների բրիգադի անդամները, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել ինկուբատորի նորածիններին, գնդակահարվել է։ Նրանց վրա կրակել են դիպուկահարները»։

«Հիվանդանոցը էլեկտրականություն, ինտերնետ, ջուր եւ դեղամիջոցներ չունի։ Մեզ մահվանից մի քանի րոպե է բաժանում, եւ մեր օգնության խնդրանքներին պատասխան չենք ստանում»,- շարունակել է նա։

Գազայի առողջապահության փոխնախարար, դոկտոր Յուսեֆ Աբու Ալրիշը, որը «Աշ-Շիֆայում» է, ավելացրել է, որ բոլոր գեներատորները անջատված են, էլեկտրաէներգիայի բոլոր աղբյուրները կանգ են առել, իսկ ինկուբատորներում դեռ 39 նորածիններ կան, որոնք պայքարում են մահվան դեմ։

«Դիպուկահարները եւ անօդաչուները թիրախավորում են ցանկացած շարժվող մարդու եւ սպանում նրան։ Ինժեներային խմբի անդամը դիպուկահարի կրակոցից կաթվածահար է եղել, եւ հիմա մահվան ճիրաններում է,- ասել է Ալրիշը։- Հիվանդանոցի մի մասը գնդակոծված է, եւ կրակը սպառնում է ամբողջ համալիրին։ Հոսպիտալից հեռանալ փորձող ընտանիքները դարձել են գնդակոծության զոհ, նրանք մահացած ընկած են հիվանդանոցի մուտքի մոտ»։