Պարսից ծոցի եւ ողջ արաբական ու մուսուլմանական աշխարհի երկրների ղեկավարները հավաքվել են Սաուդյան Արաբիայում՝ ճգնաժամային բանակցություններ վարելու համար Իսրայելի եւ Գազայի միջեւ հակամարտության թեժացման հետ կապված, տեղեկացրել է Al Arabiya-ն։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մասնակցում են Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) եւ Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթաժողովին։ Համատեղ գագաթաժողովը փոխարինելու է երկու առանձին հանդիպումներին, որոնք նախատեսված էին ավելի վաղ այս ամսին, տեղեկացրել են նախարարությունում։

Որոշումն ընդունվել է Արաբական պետությունների եւ ԻՀԿ-ի հետ Թագավորության խորրդակցություններից հետո, նշվել է այն հայտարարությունում, որը հրապարակվել է շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի կողմից։

«Համատեղ նիստը անցկացվելու է ի պատասխան այն բացառիկ հանգամանքի, որը տեղի է ունեցել Գազայի հատվածում, քանի որ երկրներն զգում են ջանքերը միավորելու եւ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու անհրաժեշտություն»,- նշվել է հայտարարությունում։

Ակնկալվում է, որ գագաթաժողովի մասնակիցները վճռականորեն կդատապարտեն Գազայում Իսրայելի գործողությունները եւ կոչ կանեն դադարեցնել պաղեստինցիների բռնի տեղահանումները։