Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն այսօր` հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակԻ մերձակայքում ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիային մասնակցել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նաեւ օրերս ձերբակալված ու ազատ արձակված ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ, հետեւյալ բովանդակությամբ. «Անպատժելիությունը ծնում է նոր անպատժելիություն», «Ազատ Հայաստան», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Ոչ ոստիկանապետությանը», «Հաջորդը դու ես», «Առանց քաղբանտարկյալների Հայաստան»: Նրանք շրջել են փողոցներով եւ պահանջել ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Բողոքի ակցիայի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանությունը բանտերը քաղբանտարկյալներով լցնելով, չի կարող կասեցնել իրենց պայքարը:
«Մեր պայքարն իշխանության համար չէ, այլ Հայաստանի ազատության համար, եւ այդ պայքարը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է օգոստոսի 9-ին` Երեւանի Կարապի լճի մոտ, ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի խուլիգանության, նաեւ ոստիկանի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով:
ՀԱԿ-ը Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ է համարում:




























