The Telegraph բրիտանական թերթը գրել է Վլադիմիր Զելենսկու եւ ուկրաինացի զինվորականների միջեւ պառակտման մասին, քանի որ հակամարտությունը Ռուսաստանի հետ փակուղի է մտել։

«Ուկրաինայի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հարաբերությունների լարվածությունը դարձել է հասարակության սեփականությունը։ Դա նշան է այն բանի, որ անգամ Զելենսկին, որը «տոկուն» է Ուկրաինայի պաշտպանության հարցերում, կարող է «ճաք տալ»։

Զելենսկին  նկատողություն է արել գեներալ Վալերի Զալուժնիին, որն ասել է, որ մարտական գործողությունները «փակուղի» են մտել։ Ուկրաինայի նախագահն ասել է. «Ամեն մեկը պետք է իր ջանքերն այժմ կենտրոնացնի երկրի պաշտպանության վրա։ Հավաքեք ձեր ուժերը եւ հանգստացեք, մի տրվեք տարաձայնություններին»,- ավելացրել է նա՝ նախազգուշացնելով, որ տարաձայնությունները ծանր հետեւանքների կհանգեցնեն։

Բանավեճին միացել են նախագահի օգնականները՝ նշելով, որ գեներալ Զալուժնիի հայտարարությունը «փակուղու» մասին «հեշտացնում է ագրեսորի գործը։

Պատերազմի 20 ամիս պահանջվեց, որպեսզի երկրի զինվորական եւ քաղաքացիական ղեկավարությունը պառակտվի։

Վերջին հինգ ամիսներին Ուկրաինան հետ է բերել երկրի միայն մի փոքրիկ մասը, իսկ Ռուսաստանը նախկինի պես վերահսկում է երկրի մեկ հինգերորդ մասը։

Պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ փակուղին կարող է հանգեցնել այն բանին, որ արեւմտյան դաշնակիցները կուժեղացնեն ճնշումը հօգուտ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների, ինչը նրանց կստիպի տարածքներ հանձնել պատերազմի դադարեցման դիմաց։

Ոմանք Կիեւում, այդ թվում Զելենսկին, ավելի շատ անհանգստացած են այն բանով, որ զգացողությունը, որ պատերազմը սառեցված է, կարող է հանգեցնել Ուկրաինայից միջազգային հանրության ուշադրության շեղմանը, մանավանդ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի ֆոնին։

Դա հատկապես անհանգստացնում է Զելենսկուն, քանի որ դա կարող է ստիպել որոշ դաշնակիցների չշարունակել ռազմական աջակցությունը Կիեւին։

Վաշինգտոնն արդեն ընդունել է, որ սահմանափակում է ռազմական օգնության փաթեթները, քանի որ Կոնգրեսը հրաժարվում է ավելի շատ փող հատկացնել Ուկրաինային։

Կիեւի զինվորականների եւ քաղաքացիական ղեկավարների միջեւ սկանդալի ընթացքում Զելենսկին Time-ի հարցազրույցում ներկայացվել է հոգնած, տագնապած եւ գրգռված տեսքով։

Գեներալ Զալուժնիի մեկնաբանությունները, գուցե, հրապարակային մերժում են առաջացրել Զելենսկու եւ նրա գրասենյակի կողմից, բայց ուկրաինացի գեներալը դեպքերի մեծ մասում համարվում է անձեռնմխելի։

Ուկրաինայի գլխավոր զորահրամանատարը դիտարկվում է որպես ներկա նախագահի պոտենցիալ քաղաքական մրցակից, բայց Զալուժնին այդ ուղղությամբ որեւէ ազդանշան չի արել։

Սակայն  նախագահի վարչակազմը ազատել է նրա տեղակալներից մեկին՝ հատուկ գործողությունների ուժերի ղեկավարին։ Գեներալ-մայոր Վիկտոր Խորենկոն «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել է, որ չգիտի, թե ինչի համար են իրեն ազատել եւ այդ մասին իմացել է ԶԼՄ-ներից։ Գեներալ Զալուժնին ցնցվել է այդ որոշումից եւ «չի կարողացել բացատրել դա», ավելացրել է նա։

Վերջերս Ուկրաինայի պաշտպանության նախարար նշանակված Ռուստեմ Ումերովն ասել է, որ խորհուրդ է տվել ազատել նրան, բայց նշել է, որ չի կարող բացատրել, թե ինչու, քանի որ դա «թշնամուն Ուկրաինան թուլացնելու առիթ կտա»։

Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Պավել Ռոզենկոն եւս քննադատել է այս որոշումը՝ ասելով. «Դուք շատ մեծ սխալ եք գործել։ Եվ հենց այդ սխալներն են թուլացնում Ուկրաինան այս պատերազմում... Շատ ափսոս, որ այս իրավիճակում գերակշռում են քաղաքական ինտրիգները»։

Չնայած անկարգություններին՝ Զելենսկին փորձել է միասնական ճակատ ձեւացնել։ «Մեր հաղթանակը հասանելի է»,- ասել է նա այս շաբաթ ավելի վաղ։ «Մենք կհասնենք դրան, եթե բոլորս կենտրոնանանք այդ նպատակի շուրջ»։