Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր եղբայրը՝ Բոլատ Նազարբաեւը, տեղեկացրել է հանրապետության նախկին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը X սոցցանցում։
«70 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո, մահացել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր եղբայրը՝ Բոլատ Նազարբաեւը»,- գրել է Ուկիբայը։
Ալմաթիի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում հաստատել են Բոլատ Նազարբաեւի մահը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բոլատ Նազարբաեւը տարբեր տարիների եղել է «Շամալգան» կոլտնտեսության փոխտնօրենը, Կասկելենի հացի գործարանի փոխտնօրենը, զբաղվել է գործարարությամբ։ Զբաղեցրել է «Իկար-Ագրո» ընկերության փոխնախագահի պաշտոնը, եղել է BN Invest հոլդինգի տնօրենը։ 2016թ. Բոլատ Նազարբաեւը ստեղծել է բարեգործական հիմնադրամ՝ սակավ ունեւոր հայրենակիցներին օգնելու համար։





























