ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ակնարկել է Իրանի հետ կապված խմբավորումներին հարվածելու հնարավորության մասին, եթե գրոհներն Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան զորքերի դեմ չդադարեցվեն, տեղեկացրել է Reuters-ը։
Կիրակի ուշ երեկոյան ամերիկացի զինվորականները երրորդ օդային հարվածն են հասցրել Սիրիայի մարզական համալիրին, որը գտնվում է Ալբու Քամալ քաղաքից ոչ հեռու։
Հարվածները հաջորդել են Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ եւ կոալիցիայի զորքերի դեմ վերջին շաբաթներին տեղի ունեցած առնվազն 40 հարձակումներին, քանի որ լարվածությունն ավելանում է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի պատճառով։ 45 ամերիկացի զինծառայող գանգուղեղային վնասվածքներ է ստացել կամ թեթեւ վիրավորվել է։
«Այդ հարձակումները պետք է դադարեցվեն, եւ եթե դրանք չդադարեցվեն, ապա մենք, առանց տատանվելու, նորից ամեն բան կանենք, որպեսզի պաշտպանենք մեր զորքերը»,- ասել է Օսթինը լրագրողներին, Սեուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա տեղեկացրել է, որ վերջին օդային հարվածները ուղղված են եղել այն օբյեկտների դեմ, որոնք Սիրիայում օգտագործում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ նրա հետ կապված խմբավորումները։
«Այդ հարվածները նպատակ ունեն խափանել այդ խմբավորումների գործողությունները, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ ուժերի դեմ հարձակումների համար»,- ասել է Օսթինը։





























