ԵՄ երկրները համատեղ դատապարտել են ՀԱՄԱՍ-ին այն բանի համար, որ նա հիվանդանոցները եւ քաղաքացիական անձանց օգտագործում է որպես «կենդանի վահան» Իսրայելի դեմ պատերազմում, տեղեկացրել է AP-ն։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն միաժամանակ խնդրել է Իսրայելին «առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ նշել թիրախները՝ մարդկային զոհերից խուսափելու նպատակով»։

«Գիտեք որքան դժվար էր ՄԱԿ քվեարկությունից հետո, միասնական մոտեցում ցուցաբերելը»,- ասել է նա։ Հոկտեմբերի 28-ին ԵՄ ղեկավարները հայտարարել էին, որ միասնական են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի հարցում, ինչից մի քանի ժամ հետո  անդամ պետությունները բաժանվել են քվեարկության ժամանակ այն բանաձեւի հարցում, որը կոչ էր անում հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածում, որը կհանգեցներ մարտական գործողությունների դադարեցման Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։

Բայց այժմ ԵՄ երկրները հայտարարել են, որ միանում են մարտական գործողությունների «անհապաղ դադարի եւ հումանիտար միջանցնքերի ստեղծման կոչերին, որպեսզի հումանիտար օգնությունը կարողանա հասնել Գազայի բնակչությանը»։

Նրանք կրկնել են իրենց «կոչերը ՀԱՄԱՍ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին»։ «Չափազանց կարեւոր է, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար պատանդների հասանելիություն ապահովվի։ Նշվել է նաեւ, որ «ԵՄ-ն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից հիվանդանոցներն ու քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործելը»։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը, ցավոք, օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքը եւ քաղաքացիական անձանց որպես վահան Իսրայելի Պաշտպանության ուժերի դեմ։ Այնպես որ, իրավիճակը բնավ սեւ-սպիտակ չէ»։

Նա ավելացրել է, որ «ոչ ոք Արեւմուտքում շահագրգռված չէ որեւէ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու հարցում»։