Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 70 հազար ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ մինչև 120 հազարը, գրում է The Economist-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների գնահատականները։
Առաջիկա տարիներին, գրում է հրատարակությունը, Ուկրաինային մեծ թվով բժիշկներ և հոգեբաններ կպահանջվեն՝ կոնֆլիկտի վետերանների հետ աշխատելու համար, որոնց թվում կլինեն անդամահատված վերջույթներով հազարավոր զինծառայողներ։
Ինչպես գրում է The Economist-ը, այն օրը, երբ սկսվեցին լայնածավալ մարտերը, «շրջեց անթիվ ուկրաինացիների կյանքը և երկրի շուկան». 4,8 միլիոն մարդ կորցրեց աշխատանքը, իսկ գործազրկությունը 2022 թվականի գարնանը հասավ 30 տոկոսի: 2023 թվականի հոկտեմբերին այն կրճատվել է մինչև 18,4%, բայց դա դեռ զգալիորեն բարձր է նախկին մակարդակից։ Ուկրաինայի տնտեսությունն ավելի ու ավելի է կախված կանանցից. երկրի 36 փոքր և միջին ընկերություններից կեսից մի փոքր ավելին (51%) կառավարվում են կանանց կողմից, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն մեջբերել է վիճակագրությունը:
Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը և Медиазона-ն հայտնել են, որ նոյեմբերի 3-ի դրությամբ ուկրաինական պատերազմում ռուսական բանակի կորուստները կազմել են 35780 մարդ։ Սրանք միայն նրանք են, ում անունները պարզվել են բաց աղբյուրների միջոցով։ Կորուստների իրական թիվը կարող է լինել առնվազն մեկուկես-երկու անգամ ավելի, ընդգծում են քննիչները։





























