Հնդկաստանի հարավարեւմտյան Կարնատակա նահանգի ֆերմերները մտադիր են բողոքի երթ կազմակերպել, որպեսզի հրավիրեն հանրության ուշադրությունը գյուղական վայրերում հարսնացուների անբավարարության խնդրի վրա, տեղեկացրել է Times of India-ն։

Ինչպես նշել են ֆերմերները, երկրում գոյացել է «ամուսնական ճգնաժամ», որը պայմանավորված է այն բանով, որ կանայք եւ նրանց ընտանիքները չեն ցանկանում կապվել գյուղական վայրերին։

«Մենք ոչ մեկից օժիտ չենք խնդրում։ Մենք նրանց [պոտենցիալ կանանց] վերաբերվում ենք թագուհու նման։ Բայց չնայած դրան՝ ընտանիքները չեն ցանկանում մեզ կնության տալ իրենց աղջիկներին»,- ասել է 30-ամյա ֆերմեր Սանթոշը։ Նրա խոսքով՝ երթի նպատակը, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին, ուշադրություն հրավիրելն է այս սոցիալական խնդրի վրա։

Վերջին տարիներին հարսանիքների թիվը հնդկական գյուղերում կրկնակի կրճատվել է։ Անգամ հայր-ֆերմերները չեն ցանկանում իրենց աղջիկներին կնության տալ հարեւանների տղաներին՝ աղջիկներին սովորելու ուղարկելով քաղաքներ կամ ամուսին փնտրելով քաղաքաբնակների շրջանում, որոնք լուրջ մասնագիտություն եւ կայուն եկամուտ կունենան։

Արդյունքում՝ կանանց որոնումը շատ ֆերմերների համար երբեմն տարիներ, անգամ տասնամյակներ է տեւում։ Խնդիրը հաճախ դառնում է ինքնասպանությունների պատճառ։

Հնդկաստանում ֆերմերների ընդհանուր թիվը գնահատվում է միջինը 100 մլն մարդ։ Պաշտոնական աղբյուրներում ստույգ թիվը չի նշվում տարբեր մեթոդիկաների եւ հաշվարկի ու գրանցման համակարգերի պատճառով։