Եվրամիությունը 2023 թվականին 30%-ով ավելացրել է զինամթերքի արտադրությունը և մոտ է տարեկան 1 մլն արկ արտադրելուն, սակայն դա չի երաշխավորում Ուկրաինային նման ծավալի մատակարարում։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։
«2023 թվականի փետրվարից մենք զգալիորեն ավելացրել ենք զինամթերքի արտադրությունը 30 տոկոսով, ուստի կկատարենք տարեկան 1 միլիոն արկ արտադրելու մեր նպատակը», - ասել է նա։ Ընդ որում, Բրետոնը պատասխանատվությունը փոխանցել է ԵՄ երկրների վրա՝ մեկ տարվա ընթացքում Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու խոստումը կատարելու համար։
«Ես պատասխանատու եմ արտադրության ավելացման համար։ Եվրահանձնաժողովն ապահովել է ռազմական արտադրության հնարավորությունների ավելացում, այժմ անդամ երկրների խնդիրն է դրանք կենտրոնացնել Ուկրաինային մատակարարումների վրա»,- ասել է Բրետոնը։
Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը ինտենսիվորեն կխթանի ռազմական արտադրության ավելացման գործընթացը ոչ միայն արկերի, այլ նաև այլ տեսակի ռազմական արտադրանքի համար։ «Սա անհրաժեշտ է Ուկրաինային, բայց ավելի շատ անհրաժեշտ է մեզ համար»,- նշել է եվրահանձնակատարը։





























