Բրիտանական Daily Mail թերթն առաջին անգամ հրապարակել է ամռանը Սպիտակ տանը գտնված կոկաինի լուսանկարը։

Լուսանկարներում երեւում է սպիտակ փոշի պարունակող փաթեթը պահարանի դարակներից մեկում։ Ինչպես տեղեկացրել է թերթի աղբյուրը, պահարանիկներն անհատական չեն, եւ հյուրերը կարող են ընտրել դարակը, որից օգտվելու են, իսկ հետո վերցնել բանալին։ Daily Mail-ը նշել է, որ դրանցից օգտվում են Արեւմտյան թեւի այցելուները, այլ ոչ թե Սպիտակ տան կամ նախագահի աշխատակազմի անդամները։

Ամենայն հավանականությամբ, ըստ թերթի, թմրանյութի տերը էքսկուրսիայի նպատակով Սպիտակ տուն այցելած մեկն է եղել։

Հետաքննությանը մասնակցել է ՀԴԲ փոխտնօրեն Փոլ Էբեյթը։

Գաղտնի ծառայությունը հուլիսի 2-ին Սպիտակ տանը հայտնաբերել էր կասկածելի սպիտակ փոշի, որը կոկաին էր։ Դրանից հետո հայտարարվել էր տարհանում, նախագահ Բայդենն այդ պահին Սպիտակ տանը չէր։ New York Post թերթը գրել է, որ սպիտակ փոշու հայտնաբերումից ոչ շատ առաջ այնտեղ էր գտնվել Բայդենի որդին՝ Հանթերը, որը հայտնի է թմրանյութերի հետ կապված սկանդալներով։

Ոստիկանությունը հուլիսի 13-ին տեղեկացրել էր, որ գաղտնի ծառայությունն ավարտել է միջադեպի հետաքննությունը, բայց չի կարողացել պարզել, թե ինչպես է կոկաինը հայտնվել նախագահի նստավայրում։

New York Post թերթը օգոստոսին տեղեկացրել էր, որ կոկաինի փաթեթը պատկանել է Բայդենի ընտանիքի շրջապատում գտնվողներից մեկին, իսկ պետության ղեկավարը գիտի, թե ում թմրանյութն է եղել դա։