Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքները երեքշաբթի Թել Ավիվից Երուսաղեմ հնգօրյա երթ են սկսել՝ Իսրայելի կառավարությունից պահանջելով նրանց ազատելու համար շատ ավելին անել, հաղորդում է Reuters-ը:
«Ես պատասխաններ և քայլեր եմ պահանջում Բենիամին Նեթանյահուից և նախարարների կաբինետից», - ասաց երթի մասնակիցներից մեկը՝ Շեմ Թովը, որի 21-ամյա որդի Օմերը հինգ շաբաթ առաջ առևանգվել է Գազա:
ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում հարձակման ժամանակ պատանդ են վերցրել մոտ 240 մարդու։ Գերիների տարիքը տատանվում է ինն ամսականից մինչև 85 տարեկան և ենթադրվում է, որ նրանք պահվում են Գազայի հատվածի խորքերում կառուցված թունելներում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշ հարազատների կոշտ քննադատությանն է բախվում այն բանի համար, որ նրանք ավելին չեն արել պատանդների ազատ արձակման համար, այն ժամանակ երբ իսրայելական բանակը շարժվում է դեպի Գազայի խորքերը՝ ոչնչացնելու Համասը:
Նեթանյահուն մինչ այժմ մերժել է հրադադարի մասին ցանկացած խոսակցություն՝ ասելով, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները միայն այն դեպքում, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն:
Ըստ Իսրայելի վարչապետի՝ համաձայնության հասնելու լավագույն միջոցը ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը պահպանելն է։
Իսրայելը նաև պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը ծովափնյա անկլավի նկատմամբ։ Ըստ բժիշկների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 11100 պաղեստինցի, որոնց մոտ 40%-ը երեխաներ են։



























