Հայաստանը ցանկանում է բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե Հայաստանը հետաքրքված է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու հարցում, ինչու Մոսկվա չեն մեկնում:
«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս ձևաչափով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - ասաց նա։
Պատսխանելով հարցին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում, Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել»։
Ճշգրտող հարցին, թե արդյոք Մոսկվայից առաջարկներ չեն եղել Արմեն Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ նման առաջարկների մասին։
ԱԽ քարտուղարը անդրադառնալով նրան, որ Երեւանում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին 3 երկիր չեն մասնակցում՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ասաց, որ տեղյակ չէ չմասնակցելու պատճառների մասին:
«Երեւի նրանք ինչ-որ բացատրություններ են ներկայացրել, ես տեղյակ չեմ՝ ինչ բացատրություններ են ներկայացրել, բայց պատճառը, թե ինչու չեն գալիս, զարմանալի է եւ անհասկանալի»,-ասաց նա:





























