Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայց է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ քրեական գործ հարուցելու համար, հայտնում է CNN Turk-ը։
Քրեական բողոքը պահանջում է, որ Նեթանյահուն դատվի Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ)՝ ցեղասպանության հանցագործության համար։
Իսրայելի վարչապետի դեմ հայցը ներկայացրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Մեթին Քուլունքը և փաստաբաններ Մուջահիտ Բիրինջին և Բուրաք Բեքիրօղլուն, նշում է թուրքական լրատվամիջոցը։
Միջնորդագիրը, որը նախատեսված է ՄՔԴ ուղարկման համար, պահանջում է Նեթանյահուին դատել «պատերազմական հանցագործությունների», «մարդկության դեմ հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Հայտնի է դարձել, որ Նեթանյահուի դեմ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից հոկտեմբերի 7-ից հարուցված քրեական գործերն ուղարկվել են նաեւ արդարադատության նախարարություն։





























