Չինաստանը երբեք չի ակնկալում, որ ԱՄՆ-ն պարտվի, եւ չի ձգտում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ողջույնի խոսքով ելույթ ունենալով ամերիկյան բարեկամական խմբերի խնջույքում, տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը։
Չորեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։
«Չինաստանը երբեք չի ակնկալում, որ ԱՄՆ-ն պարտվի, երբեք չի միջամտում ԱՄՆ ներքին գործերին, չի ձգտում մարտահրավեր նետել ԱՄՆ-ին կամ փոխարինել նրան»,- Չինաստանի առաջնորդի խոսքերը հինգշաբթի մեջբերել է գործակալությունը։
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանն ուրախությամբ հետեւում է ԱՄՆ զարգացմանը եւ բարգավաճմանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւս «չպետք է ակնկալի Չինաստանի պարտությունը կամ միջամտի Չինաստանի ներքին գործերին»։





























