Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նվիրել է տեղի «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» բասկետբոլային ակումբի մարզաշապիկը։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։
«Նահանգապետ Գեւին Նյուսոմը խոստացել է նախագահ Սի [Ծինփինին] նվիրել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»-ի մարզաշապիկը, երբ նրանք հանդիպել էին Պեկինում անցած ամիս, եւ ահա այն»,- գրել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը X սոցցանցում։
Նա հրապարակել է նաեւ երկու լուսանկար։ Դրանցում պատկերված է, թե ինչպես է Չինաստանի ժպտացող նախագահի ձեռքին գտնվում կապույտ գույնի մարզաշապիկը։ Կողքին կանգնած են նահանգապետն ու նրա կինը։
Սի Ծինփինը իսկապես սիրում է սպորտը. նա սիրում է լողը, վոլեյբոլը, բասկետբոլը եւ թենիսը։ Չինաստանում տեսչական այցելություններից մեկի ժամանակ պետության ղեկավարը այցելել էր բռնցքամարտի տեղի բաժանմունքի մարզումներին։ Սակայն քաղաքական գործչի սիրելի սպորտաձեւերի ցուցակում միանգամայն այլ մակարդակի վրա է ֆուտբոլը։ Չինաստանի բնակիչների բացարձակ մեծամասնությունը, սակայն, նախընտրում է բասկետբոլն ու սեղանի թենիսը։





























