Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ պահանջել է վերացնել ճապոնական ծովամթերքի վրա Չինաստանի կողմից սահմանած էմբարգոն՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոս ջրի բացթողման մեկնարկի կապակցությամբ, ինչպես նաև հեռացնել հետազոտական սարքավորումները, որոնք տեղադրված են վիճելի Սենկակու (Դիաոյու) կղզիների տարածքում, հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը Կիսիդան կրկնել է Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը՝ կոչ անելով «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողմանը գիտական տվյալների հիման վրա արձագանքել և խստորեն պահանջել է անհապաղ վերացնել ճապոնական ծովամթերքի ներմուծման սահմանափակումները:
Ինչպես նշում է Kyodo-ն, առաջնորդները պայմանավորվել են խնդրի լուծումը փնտրել խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։ Կիսիդայի խոսքով՝ խնդիրը նախատեսվում է քննարկել փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների ժամանակ։
Միաժամանակ, Ճապոնիայի վարչապետը չինական կողմից պահանջել է անհապաղ հեռացնել Սենկակու (Դիաոյու) կղզիների տարածքում տեղադրված հետազոտական սարքը։ Տոկիոն այս հարցով ավելի վաղ բողոք էր ներկայացրել Պեկինին՝ նշելով, որ սարքավորումները տեղադրվել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։ Բացի այդ, ինչպես գրում է Kyodo-ն, Կիսիդան Սի Ցզինպինին խոր մտահոգություն է հայտնել Արեւելաչինական ծովում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ գտնվում են այս կղզիները։
Այս տարվա օգոստոսի վերջից Պեկինը ամբողջական արգելք է դրել Ճապոնիայից ծովամթերք գնելու վրա՝ Տոկիոյից պահանջելով դադարեցնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ջուրն օվկիանոս բաց թողնելը։ Ճապոնիայի իշխանությունները պնդում են, որ այս ջուրը մաքրվել է բոլոր ռադիոակտիվ նյութերից, բացառությամբ տրիտիումի։ Դրա պարունակությունը ջրում, ինչպես շեշտում է Տոկիոն, նորմայից շատ անգամ ցածր է, այդ թվում՝ մաքուր ծովի ջրով նոսրացման պատճառով։ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջուր բաց թողնելու գործողությունը հավանության է արժանացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից։





























