Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սկսվելուց հետո 155 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարումները նվազել են, հաղորդում է AFP-ն:
«Այնպես չէ, թե ԱՄՆ-ն է ասել՝ մենք ոչինչ չենք տա Ուկրաինային։ Ո՛չ։ Պարզապես բոլորն իրենք պայքարում [զինամթերքի] համար։ Սա է կյանքը։ Ես չեմ ասում, որ սա դրական է, բայց սա կյանք է, և մենք պետք է պաշտպանենք այն, ինչ մեզ է պատկանում»,- Կիևում լրագրողներին ասել է Զելենսկին։
«Հիմա պահեստները դատարկ են կամ կա օրինական նվազագույնը, որն այս կամ այն պետությունը մեզ չի կարող տրամադրել։ Սա բավարար չէ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Կիևում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշում է AFP-ն, Զելենսկին ասել է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայի պատերազմի վրա։ «Դուք գիտեք, որ աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայի ճակատում տիրող իրավիճակի վրա, և ուշադրության բաժանումը չի օգնում», - Քեմերոնին ասել է Զելենսկին (մեջբերում հանդիպման տեսանյութից, որը տարածել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը):
Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում ձմռանը Ուկրաինան ռմբակոծելու համար, սակայն ուկրաինական հակաօդային պաշտպանությունն «ավելի լավն է, քան՝ անցած ձմռանը»։
Եվրամիությունը նախատեսում էր մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային մեկ միլիոն հրետանային արկ մատակարարել։ Սակայն, ինչպես նոյեմբերի 14-ին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, ԵՄ-ն չի կարողանա կատարել իր խոստումը՝ «պաշտպանական արդյունաբերության անմխիթար վիճակի» պատճառով։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ասել է, որ կասկածում է, որ մեկ միլիոն արկերի մատակարարումն առաջին հերթին իրատեսական նպատակ է: Միաժամանակ, Եվրահանձնաժողովը կարծում է, որ այդ նպատակը դեռ կհաջողվի իրականացնել։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերին որոշել է Իսրայելին փոխանցել տասնյակ հազարավոր 155 մմ տրամաչափի արկեր, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համար, հայտնում է ամերիկյան Axios հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի իշխանությունները, հավանաբար, հյուսիսկորեական զենքի մատակարարման երթուղի են ստեղծել, հոկտեմբերին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների բրիտանական թագավորական ինստիտուտը։ Նոյեմբերի սկզբին ներկայացված հարավկորեական հետախուզության տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ն ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։





























