2022 թվականի փետրվարի 24-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ն Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից Ռուսաստանի Դաշնության տարածքով, ապօրինի կերպով Բելառուս է տեղափոխվել վեցից մինչև 17 տարեկան առնվազն 2442 երեխա։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Յեյլի հանրային առողջության դպրոցի հումանիտար հետազոտությունների լաբորատորիայի (HRL) հրապարակած զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշել են Բելառուսի տարածքում գտնվող 13 վայրեր, որտեղ պատերազմի ընթացքում երեխաներ են տարվել Ուկրաինայից։
Նրանցից առնվազն ութում երեխաները վերակրթվել են՝ նրանց պարտադրելով «մշակութային, պատմական, սոցիալական և հայրենասիրական դոկտրիններ կամ գաղափարներ, որոնք ծառայում են Բելառուսի և Ռուսաստանի ռեժիմների քաղաքական շահերին», ասվում է փաստաթղթում։ Բացի այդ, ըստ հետազոտողների, Ուկրաինայից առնվազն վեց խումբ երեխաներ ռազմական պատրաստություն են անցել Բելառուսի Հանրապետությունում, այդ թվում՝ Բելառուսի ներքին զորքերի բազայում։
Հայտնի չէ, թե այդ երեխաներից քանիսն են այժմ մնում Բելառուսի տարածքում, նշում են զեկույցի հեղինակները։ «Օկուպացված Ուկրաինայից Բելառուս երեխաների փոխադրման մեջ ներգրավված առանցքային անձինք հայտարարել են, առանց որևէ ապացույցի, որ բոլոր երեխաները վերադարձվել են Ուկրաինա»,- ասվում է փաստաթղթում։ «Սակայն HRL-ը չկարողացավ գտնել ամբողջական և համոզիչ տվյալներ, որոնք հաստատում են, որ այս զեկույցում նշված երեխաները վերադարձել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներ»:





























