Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդական Կանն համայնքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ օդանավակայանում պայթուցիկ նյութերի առկայության մասին անանուն սպառնալիք ստանալուց հետո: Այս մասին հայտարարել է Կալվադոսի դեպարտամենտի պրեֆեկտուրան

«Ռումբի ահազանգ Կարպիկե օդանավակայանում. մեծ տարածքի պատճառով, որը պետք է շրջափակվի, օդանավակայանը փակ է մնում՝ մինչև հետաքննության ավարտը: Սակրավորները շարունակում են ստուգումները՝ բոլոր կասկածները վերացնելու համար, շենքերը և օդանավակայանի տարածքը մանրակրկիտ ստուգվում են», - ասվում է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է France 3 հեռուստաալիքը, ուրբաթ երեկոյան անանուն սպառնալիք է ստացվել «ֆրանսիացի բնապահպան ակտիվիստների» կողմից։ «Պայթուցիկները տեղադրված են օդանավակայանում և կգործարկվեն ժամը 12:00-ին։ Խնդրում ենք նյութական վնասներից խուսափելու համար զգուշացնել իրավապահ մարմիններին և օդանավակայանի ղեկավարությանը»,- ասել է հաղորդագրությունը։ 

Արդյունքում, օդանավակայանի տարածքը շրջափակվել է, իսկ թռիչքների ժամանումներն ու մեկնումները չեղարկվել են՝ մինչև հետագա ծանուցումը։ Ուղևորներին հորդորել են նախապես ստուգել իրենց թռիչքների մասին տեղեկությունները, այդ թվում՝ լաունջում, որը մնում է բաց։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ որոշ ճամփորդներ հենց առավոտից իրենց իրերով սպասել են ավտոկայանատեղիում, մինչև իրենց թույլ են տվել մտնել սպասասրահ։ Այս օդանավակայանով է անցնում Նորմանդիայի օդային հաղորդակցության 80%-ը։